Փայտի մշակման կուլտուրան սերտորեն շաղկապված է հայ ժողովրդի կենցաղին, նրա ապրելակերպին, արհեստագործական բազմաթիվ ճյուղերին: Փայտը կենցաղային իր է եղել, նրանով պատրաստվել է գրակալ, եկեղեցու դուռ, նկարի կամ սրբապատկերի համար հղկված տախտակ, գրքի կազմ և այլն:
Վաղ միջնադարում կառուցվել են փայտե եկեղեցիներ, փայտը զուգակցել են շինարարական մյուս նյութերին: Դրա լավագույն վկայություններից են Սևանի Առաքելոց եկեղեցու փայտյա նշանավոր խոյակները: Փայտի գեղարվեստական փորագրության հատվածներով ձևավորվել է Դվինի և Անիի պալատական կառույցները: Հայկական եկեղեցիներն ու վանքերն ունեցել են ընտիր գեղարվեստական ձևավորումներով զարդարված փայտե դռներ (Մշո Առաքելոց վանքի, Տաթևի վանքի, Սևանի վանքի, Թեոդոսիայի եկեղեցիների բարձր վարպետությամբ ձևավորված դռները), որոնց հարդարանքի մեջ տեղ են գտել ոչ միայն երկրաչափական ու բասական զարդանախշերը, այլև թեմատիկ բարդ պատկերներ` խորհրդանշական շեշտադրումներով:
Միջնադարյան հայ մշակույթի մեջ փայտի գեղարվեստական մշակման կարևոր մեկ հատվածն են կազմում գրակալները, որոնց զգալի մասը մեզ է հասել Անիից: Դրանք ունեն զուսպ և խիստ զարդաքանդակներ, ինչպես նաև ընտիր ձևավորված արձանագրություններ:
Փայտի փորագրության միջոցներով պատրաստվել են փոքրաչափ պահարաններ, մասունքների տուփեր, որոնց զգալի մասը չի պահպանվել: Շատ հաճախ փայտե իրը ձևավորվել է գաղտիկուրով կամ թանկարժեք քարերով, ծածկվել է ոսկու և արծաթի թերթիկներով (օրինակ` 1659 թվականին պատրաստված նշանավոր Ալմաստե գահը):
Էջմիածնի հարստությունների մեջ գոյութուն ունեն փայտի գեղարվեստական փորագրման միջոցով պատրաստված ընտիր իրեր:
Պահպանված ստեղծագործությունները թվով թեև քիչ են, սակայն ունեն գեղարվեստական անգնահատելի արժեք:
Առաջինը` Հավուց Թառի Ամենափրկիչն է, որը ներկայացնում է Քրիստոսի` խաչից իջեցնելու տեսարանը և պատրաստվել է 9-10-րդ դարերում: Կոմպոզիցիայի կենտրոնում Հիսուսն է` խաչազարդ լուսապսակով, երկար գանգուր մազերով, փակ աչքերով: Ինչպես այսօրինակ մանրամասները, նույնպես և բարձրաքանդակի ստեղծման ընդհանուր գեղարվեստական մտածողությունը աշխատանքը մոտեցնում են ոճի քանդակագործությանը:
Խաչելության տեսարաններ կան նաև նշխար դաջելու կնիքների վրայ, որտեղ տերունական տեսարանն ունի մանրանկարչական մեկնաբանում: Փայտե խաչերը ընդունված են եղել հայկական եկեղեցիներում: Մի օրինակ պահպանվել է Էջմիածնի վանքում: Այն պատրաստվել է 13-րդ դարում, ունի նուրբ ցանցկեն փորագրություն, ամրացված է մետաղյա բռնիչի, որի վրա փորագրված է խաչելության պատկերը: Փայտյա հատվածների միօրինակությունը ճոխացված է թանկարժեք քարերով և ոսկով:
Էջմիածնի վանքի հարստություններում հատկապես առանձնանում են երկու գահ-հովանիները: Դրանցից մեկը Հռոմի պապը նվեր է ուղարկել Եղիազար Կաթողիկոսին: Երկրորդ գահը պատրաստվել է 1721թ. հավանաբար Ակն քաղաքում և նվիրաբերվել է Էջմիածնի վանքին, երկու սադափապատ դռների հետ միասին:
Ներկայացված ստեղծագործություններն ունեն և’ պատմական, և’ մշակութային մեծ արժեք: