Հնագույն ժամանակներից Հայաստանը հանդիսացել է Առաջավոր Ասիայի և Անդրկովկասի մետաղամշակման կարևորագույն կենտրոններից մեկը: Այդ մասին են վկայում Գեղամա, Բզնունյաց, Կապուտան լճերի ավազաններում հայտնաբերված նախապատմական հալոցքային օջախները, խարամների մնացորդները, պեղումներից հայտնաբերված բազմազան իրերը, ինչպես նաև սեպագիր արձանագրություններում պահպանված տեղեկությունները:
Մեր թվագրությունից առաջ երկրորդ հազարամյակում պատմական Հայաստանը ոսկու, արծաթի, պղնձի և երկաթի մետաղամշակման կենտրոն է եղել: Լճաշենի, Արմավիրի, Մեծամորի, Կարմիր Բլուրի, Սիսիանի, Դվինի, Անիի պեղումներից հայտնաբերված իրերը մետաղի գեղարվեստական մշակման բարձր մակարդակի վկայություններ են:
Մետաղի գեղարվեստական մշակման, զարդերի ու սպասքների կենտրոններից էին Վասպուրականը, հատկապես` Վանը, Կիլիկիան, Սեբաստիան, Կեսարիան, Կարինը, Շիրակը, Սյունիքը, Արցախը և Արարատյան աշխարհը:
Մետաղի գեղարվեստական մշակման համար Հայաստանում օգտագործվել են բազմատեսակ մետաղներ` երկաթ, պղինձ, բրոնզ, ոսկի, արծաթ, վարշաղ: Մետաղի մշակման միջոցներից հատկապես կիրառվել են ձուլման, դրվագման, դրոշմազարդման ձևերը, որոնց զուգընթաց լայն կիրառում են ունեցել նաև թելքաշ, հատիկաոր, ցանցկեն և արծնապատման եղանակները: Դրանք հարատևել են մինչև մեր օրերը:
Ս. Էջմիածնի վանքում գտնվող մետաղյա գեղարվեստական իրերը, ըստ իրենց օգտագործման բնոոյթի, կարելի է բաժանել երեք խմբի:
ա) Սպասքներ, որոնց մաս են կազմում բուրվառներ, խնկանոցներ, սկիհներ, սկահակներ, մասնատուփեր, տապանակներ, աղավնատուփեր, սափորներ, բաժակներ, կոնքեր, փարչեր և եկեղեցական արարողությունների ժամանակ գործածովող այլ իրեր:
բ) Զարդեր: Այս խմբի մեջ են մտնում կրելիք առարկաները` գոտիներ, վակասներ, լանջախաչեր, պանակեներ, գավազաններ, թագեր, մատանիներ և այլն:
գ) Այս խմբի առարկաներից են սուրբ սեղանի զարդերը, ճաճանչները, ծնծղաները, քշոցները, կանթեղները, ջահերը, աշտանակները, լապտերները, մոմակալները և այլն:
Ս. Էջմիածնի վանքի մետաղյա արժեքավոր իրերից է Խոտակերների Ս. Նշանը: Այն պատրաստել է 1300թ.-ի իշխան Եաչի Պռոշյանի պտվերով: Նրա փողկերի գեղարվեստական զարդարանքը, դրվագման հստակությունն ու նրբությունը հայ ոսկերիչների բարձր վարպետության գրավականն են:
Խոտակերների Ս. Նշանի օրինակով է պատրաստված նաև 1443թ. պատրաստված պահարանը, Արագածի Ս. Նշանը (17-րդ դար), որոնք ստեղծվել են դրվագման նուրբ տեխնիկայով: Նույն այդ խմբի մեջ են մտնում 1783թ. կանթեղը, մի շարք քշոցներ (17-19-րդ դդ.), 1780թ. տապանակը, 1797թ. մասնատուփը և այլն:
Ցանցկեն, հատիկավոր և զուգաթելի տեխնիկայով արված ընտիր աշխատանքներ են 17-19-րդ դդ. Վասպուրականում, Կարինում և Սեբաստիայում պատրաստված գիները, որոնք եկեղեցական հանդերձանքի կարևոր մասն են կազմում և ունեն ընտիր ճարմանդներ: Նոյն այդ միջոցներով են պատրաստուած 1733թ. խաչը, 18-րդ դարի կանթեղը, 1765թ. թագը, մի շարք գաւազաններ:
Փորագիր մետաղամշակույթյան ընտիր նմուշներ են 1656թ. նշխարաց տուփը, 1774-1881թթ. պատրաստված մի քանի մասնատուփեր, ավետարանների մի շարք պահպանակներ, Կեսարիայի և Թոքատի (Եվդոկիա) արհեստավորների պատրաստած պղնձե թասերը և այլն:
Ձուլածո իրերից աչքի են ընկնում 12-րդ դարի խաչը, ինչպես նաև սկիհների որոշ նմուշներ:
Մետաղամշակման տարբեր եղանակներով են պատրաստված Աջերը, որոնք մեծ մասամբ արծաթից են` զարդարված զանազան քարերով: Դրանց մեջ հատկապես պետք է առանձնացնել Գրիգոր Լուսավորչի Աջը:
Հայրապետական և վարդապետական գավազանները պատրաստվում էին փայտից, փղոսկրից կամ մետաղից, իսկ վերևի մասում ունեին մետաղյա ընտիր մշակումներով արված գլխիկներ: Դրանցից շատերի վրա երևում են խաչակիր գնդի երկու կողքից դեպի կենտրոնը նայող վիշապների գլուխներ:
Ս. Էջմիածնի վանքում պահպանվող մետաղյա գեղարվեստական այս աշխատանքներ բնորոշվում են իրենց ինքնատիպությամբ և զարդամոտիվների նրբությամբ: Հատկապես օգտագործված են հայկական մետաղամշակման արվեստին բնորոշ հատիկավոր և եռանկյունաձև երկրաչափական զարդանախշերը:
Մետաղյա այս իրերի հավաքածուի բնորոշ կողմերից մեկն էլ առարկաների վրայ դրոշմված, փորագրված ու դրվագված թեմատիկ տեսարաններն ու զարդանախշերն են: Զարդամոտիվներն ընդանրապես ունեն բուսական և երկրաչափական ծագում, ինչպես նաև նախապատմական, նախաքրիստոնեական և քրիստոնեական հավատալիքներ մարմնավորող խորհրդանիշեր: Առանձնակի տեղ են գրավում կենդանական զարդամոտիվները: Իրերի հարթ տարածքների վրա պատկերված են տեսարաններ Նոր Կտակարանից` Ավետում, Ծնունդ, Մոգերի երկրպագությունը, Մկրտություն, Խորհրդավոր ընթրիք, Խաչելություն, Ողբ, Համբարձում և այլն: Լայն տարածում ստացած թեմաներից են Աստվածամայրը մանուկ Քրիստոսի հետ, տասներկու առաքյալները և այլն: Կարևոր տեղ են գրավում նաև Էջմիածնի Մայր Տաճարի, ինչպես և խաչ պատկերումը, որն ունի բազմազան տարբերակներ հատկապես թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի օգտագործմամբ: