Գորգագործություն


Մանեա Ղազարյան


     Գորգը անկվագործության առաջնակարգ և հնագույն տեսակը լինելով` կարևոր տեղ է գրավել հայ ժողովրդի կենցաղում:

     Հայաստանի տարածքում հնագույն գործվածքներ են հայտնաբերվել Արթիկի դամբարանից, Կարմիր Բլուրից: Հայաստանն ունեցել է գորգի ստեղծման համար անհրաժեշտ հումք` բուրդ, ունեցել է գունային տարբեր երանգներ ստեղծող բնական ներկեր` տորոն, որդան կարմիր և այլն: Միջնադարում հայկական գորգերը մեծ համբավ ունեին համաշխարհային շուկայում:

     Հայկական շքեղ գորգեր են գործել Կեսարիայի, Սեբաստիայի, Նոր Ջուղայի, Լվովի, Վասպուրականի, Գողթնի, Արցախի, Սյունիքի, Կարսի, Արարատյան դաշտի կենտրոնների արհեստավորները: Հայկական գորգերն աչքի են ընկնում իրենց զարդանախշերի հարստությամբ, գունային հնչեղ արտայայտչականությամբ, գործվածքի նրբությամբ: Դրանց ընտիր օրինակները պահպանվում են աշխարհի խոշորագույն թանգարաններում: Հայկական գորգերի առաջնակարգ խումբն են կազմում Վիշապագորգերը, որոնց գեղարվեստական հարդարանքում կարևորագույն տեղը հատկացված է ոճավորված վիշապների պատկերմանը: Հայկական հնագույն վիշապագորգը 15-րդ դարից է, սակայն դա գորգագործության սկիզբը չէ, այլ նրա զարգացման փայլուն ժամանակաշրջանը:

     Վիշապագորգերի հետ առաջացել են նաև այլ տեսակներ, այսպես կոչված »Գուհար « տիպի գորգերը, արծվագորգերը, օձագորգերը և այլն: Հայկական հնագույն գորգերի շրջագոտին հիմնականում կազմված է մեկ երիզից, իսկ հետագայում այն դարձել է երեք երիզանոց: Գորգի գունային հորինվածքներում կարևոր տեղ է գրավում կարմիր գույնը, որի երանգները զուգակցվում են կապույտ, կանաչ, դեղին, սպիտակ և շագանակագույն թելերով ստեղծված հանգույցներին: Գորգագործական արվեստը ստեղծագործական յուրորինակ պրոցես է, որտեղ ազգային հիմքի վրա ստեղծում են անսպառ տարբերակներ:

     Ս. Էջմիածնի վանքի հյուսվածքների հավաքածույում առանձնակի տեղ են գրավում հատկապս 18-րդ դարի հայկական գորգերն ու ուղեգորգերը, որոնք գործվել են Արցախում: Արժեքավոր են նաև Արցախ, Սյունիք և Վասպուրական խմբերի բուսական տիպի ընտիր գործվածքները:


ՆԱԽՈՐԴ ԷՋ

For Unicode Armenian language support please visit www.armunicode.org