Գեղանկարչություն


Մանեա Ղազարյան


     17-րդ դարի սկզբներից Ս. Էջմիածնի վանքը հայ նկարչության կարևորագույն կենտրոնը դարձավ:

     Ս. Էջմիածնի Մայր Տաճարի ձևավորման վերաբերյալ առաջին վկայությունները կապված են 17-րդ դարի առաջին կեսի հետ, երբ նկարազարդվում էր տաճարի ներսը, և որի մասին Առաքել Դավրիժեցի օգտագործում է »քրիստոսանկար « արտահայտությունը: Այնքան հարուստ նկարազարդում ուներ եկեղեցին, որ »ընդ ամենայն աշխարհ ամենեքեան զուարճացեալք ցնծային «:

     Ս. Էջմիածնի Մայր Տաճարն ու կից շենքերը նկարազարդվել են նաև հետագա կաթողիկոսների օրոք:

     Ս. Էջմիածնի Մայր Տաճարի հիմնական նկարազարդումն ու ձևավորումը կապված է Հովնաթանյան տոհմի նկարիչների հետ:

     Նրանցից առաջինը` Նաղաշ Հովնաթանն է (1661-1722), շոռոթեցի դպիրն ու տաղասացը, որը նաև նշանավոր աշուղ էր:

     Նաղաշ Հովնաթանի աշխատանքներից Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պահպանվել է գմբեթի նախշազարդ հատվածը:

     Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պահպանվել է նաև Նաղաշ Հովնաթանի մեկ այլ աշխատանքը` Ավագ բեմի ճակատային մասի մարմարի վրա պատկերված Աստվածամայրը: Ողջ կոմպոզիցիան համալրվել է հետագայում Նաղաշի ժառանգների կողմից. տասներկու առաքյալների հեղինակները նրա որդիներն են` Հակոբը (?-1757) և Հարությունը (18-րդ դարի կեսեր):

     Ղուկաս կաթողիկոսի օրոք Նաղաշի թոռը` Հովնաթան Հովնաթանյանը (1730?-1801) նկարազարդեց Էջմիածնի տաճարը:

     Հովնաթան Հովնաթյանի հետ Էջմիածնում աշխատել են նրա աշակերտները` անհայտ հայ նկարիչներ, որոնց ստեղծագործությունները կրում են անվանի վարպետի արվեստի կնիքը:

     Ավանդական թեմաների կողքին (հիմնականում` Աստվածամայրը Հիսուսի հետ, Գաբրիել հրեշտակապետը, Աստվածամոր թագադրումը և այլն), տեսնում ենք նաև զուտ հայկական սյուժեներ, ինչպիսիք են »Աստվածամայրը Հովհաննես Մկրտչի հետ և Գրիգոր Լուսավորչի հետ «, »Գրիգոր Լուսավորիչ «, »Սբ. Թադևոս «, »Սբ Բարդողիմեոս «, »Էջմիածնի հիմնադրումը « և այլն:

     Էջմիածնի վանքի համար նկարներ է ստեղծել նաև Հովնաթան Հովնաթյանի որդին` Մկրտումը (1779-1846): Ինչպես նշում է ճանապարհորդ ականատեսը, Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի ժամանակ Էջմիածնի Վեհարանում »կախուած էին հայ հինաւուրց թագաւորների դիմանկարները, սկսած տոհմի հիմնադիր Հայկից և Տիրոջ ժամանակակից Աբգարից, մինչև մեծն Տրդատի և Խոսրովների միջև եղած փառաւորները «: Նկարների այս շարքի հեղինակը շնորհալի նկարիչ Մկրտում Հովնաթյանն էր:

     Էջմիածնի վանքի նկարների հավաքածույում առանձնակի տեղ են գրավում Ստեփանոս Ներսեսյանի (1815-1884) լայն տարածում ստացած Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի դիմանկարները, որոնք արտահայտում են վեհ ու ոգեշունչ տրամադրություններ: Հավաքածույի մաս են կազմում հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (1817-1900) ռոմանտիկ տրամադրությունով տոգորված ծովանկարները, ինչպես նաև Գևորգ Բաշինջաղյանի (1857-1925) քննարական բնանկարները:

     Հայ դասական կերպարվեստի խոշորագույն դեմքերից մեկի` Վարդգես Սուրենյանցի անունը (1860-1921) կապվում է Էջմիածնի վանքի հետ, որպես մի արվեստագետի, որի մի շարք ստեղծագործությունները զարդարում են Վեհարանի ու մայր Տաճարի թանգարանները: Նրա կտավների արծաթավուն կոլորիտը, կերպարների ռոմանտիկ ռոմանտիկությունը, առանձին հատվածների դեկորատիվ շքեղությունը, սրբապատկերային կանոնները նոր ժամանակների արվեստների գեղագիտական պահանջներին զուգորդելը նրա ստեղծագործությունը բնորոշող կարևոր առանձնահատկություններ են: Սուրենյանցի գործը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում շարունակելու եկավ Եղիշե Թադևոսյանը (1870-1936): Հավաքածոյում գտնվող նրա աշխատանքներում գունային հարաբերությունների հագեցուածությունն ու նրբություն շեշտում են ընտրված սյուժեների դրամատիկական հենքը:

     Էջմիածնի վանքի գեղանկարչական հավաքածուն ընդգրկում է բաղմաթիվ հայ հեղինակների գործեր հորինված մի քանի տասնամյակների ընթացքում. Ս. Խաչատրյան, Վ. Մախոխյան, Յ. Փուշման, Է. Շահին, Յ. Արխազյան, Մ. Սարյան, Յ. Կոջոյան, Ս. Առաքելյան, Ժ. Օրագյան, Բ. Թոփալյան, Գառզու, Ա. Կարենց, Գ. Խանջյան, Յ. Յակոբյան և ուրիշներ:

     Այդ բոլորը ստեղծվել են դարերի ընթացքում, հավաքվել են տարիներ շարունակ, և այսօր Ս. Էջմիածնի վանքի գեղանկարչական ստեղծագործությունների հավաքածոն արժանի տեղ է գրավում հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ:

     9-10-րդ դարերից սկսած Հայաստանում բուռն ծաղկում են ապրում քաղաքները (Անի, Լոռի, Վան) և հիմնվում են վանքեր ու մենաստաններ: Այս շրջանում է, որ հանդես են գալիս խաչքարերը:

     Մեզ հայտնի հնագույն խաչքարերը 9-10-րդ դարերից են:

     Խաչքարերը հանդես են գալիս իրենց բազմանշանակ բովանդակությամբ: Նրանք կանգնեցնում են տարբեր առիթներով` ռազմական հաղթանակների, պատմական նշանակություն ունեցող դեպք հավերժացնելու, եկեղեցիների, աղբյուրների, կամուրջների և շինարարական այլ աշխատանքների ավարտումը հիշատակելու համար:

     Խաչքարերը կանգնեցվել են նաև եկեղեցիները վերանորոգելու, վանքերի նվիրատվություններ անելու առիթով: Բազմաթիվ են եկեղեցիների պատերին ակուցված խաչքարերը, որոնք մեծ մասամբ նվիրատվական նշանակություն ունեն:

     Խաչքարերը ծառայել են մեծ մասամբ որպես տապանաքարեր: Բազմաթիվ են այդ նպատակով կանգնեցված խաչքարերը:

     Առանձին մի խումբ են կազմում, այսպես կոչված »Ամենափրկիչ « խաչքարերը, որոնց ճակատին քանդակված է խաչելության պատկեր: Ժողովուրդը սրանց վերագրել է հիվանդություններ բուժելու հատկություն և դարձրել սրբատեղի:

     Խաչքարերը արժեքավոր են նաև վիմական արձանագրություններով, որոնք հաճախ պարունակում են պատմական կարևոր տեղեկություններ: Այս առումով խաչքարերը հանդիսանում են նաև հայ ժողովրդի պատմության կարևոր վավերագրեր:

     Խաչքարերի արձանագրություններում, կերտող վարպետների անուններին հանդիպում ենք 12-րդ դարից սկսած: Այդ շրջանի ամենանշանավոր վարպետը եղել է Տուտեորդու խաչքարը կերտող Մխիթարն իր աշակերտ Ավետիսի հետ: Խաչքարեր կերտող արվեստագետ վարպետներից շատերը եղել են անվանի ճարտարապետներ, կառուցել են ու քանդակազարդել տաճարներ: Բավական է հիշատակել մանրանկարիչ, ճարտարապետ ու քանդակագործ Մոմիկին: Նա ստեղծագործել է Սյունյաց աշխարհի Վայոց ձորում 1282-1321 թուականներին: Նրա կերտած խաչքարերը գտնվում են Վայոց ձորի Նորավանքում (Ամաղու):

     Հայկական խաչքարերի թագն ու պսակն են կազմում Գոշավանքի խաչքարերը (1291թ.) կերտող Պօղոսի, ինչպես նաև Գեղարդավանքի գավթում գտնվող խաչքարը (1213թ.) կերտող Տիմոթի և Մխիթարի ստեղծագործությունները: Հիշատակության արժանի է նաև հաղպատի և Դսեղի »Ամենափրկիչ « խաչքարերի հեղինակ Վահրամ քարագործ վարպետը, որը խաչքարերի հարդարանքին նոր ձև ու բովանդակություն տվեց:

     Հայկական խաչքարերի արվեստի զարգացման բնականոն ընթացը ընդմիջվեց սելջուկների ու մոնղոլների արշավանքների հետևանքով: 16-17-րդ դարերում, երբ Հայաստանը վերջնականապես մասնատվում է ու բաժանվում Թուրքիայի և Իրանի միջև, խաչքարեր կանգնեցնելու սովորույթը որոշ աշխուժություն է ապրում, թեև արվեստի տեսակ է ստից չի հասնում միջնադարի մակարդակին: Բազմաթիվ են այդ շրջանին վերաբերող խաչքարերը:

     Խաչքարերի արվեստի զարգացման վերջին փուլի նմույշներն են հին Ջուղայի, Կամոյի և Նորադուզի գերեզմանատների խաչքարերը: Հին Ջուղայի գերեզմանոցի 16-18-րդ դարերում կերտված հազարավոր խաչքարերից բաղկացած խումբն իր ինքնատիպությամբ առանձնակի տեղ է գրավում հայկական խաչքարերի արվեստի պատմության մեջ:

     Խաչքարերը, որպես անբաժանելի մեկ մասը հայկական քանդակագործական արվեստի, իրենց բարձր արվեստով ու ազգային վառ նկարագրով, հանդիսանում են հայ ժողովրդի քրիստոնեական հավատի ու մշակույթի գեղագիտական բարձր ճաշակի արտահայտություն և, որպես այդպիսիք, իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային արվեստի գանձարանում:

     Սուրբ Էջմիածնի վանքում տեղադրված խաչքարերը ինքնատիպ նմույշներ են, հավաքված վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններից:


ՆԱԽՈՐԴ ԷՋ

For Unicode Armenian language support please visit www.armunicode.org