Դրամների Հավաքածուն


Խաչիկ Մուշեղյան


     Էջմիածնի մայր աթոռի հարստություններում առանձնակի տեղ են գրավում հին դրամները` ոսկե, արծաթե, պղնձե և նիկելե: Դրամներից ամենահինը` մ.թ.ա. 5-րդ դարի, իսկ ամենանորը` մեր օրերի: Դրանք աշխարհի տարբեր երկրների դրամներ են: Հին դրամները հունական քաղաքակրթության դասական շրջանի և առավելապես հելլենիստական ժամանակների պատկերագրության բնորոշ օրինակներից են, դրվագված Հունաստանում և Փոքր Ասիայում հունական վաճառաշահ քաղաքներում: Դրանց վրա հստակորեն երևում են հեթանոսական ժամանակներում պաշտված կերպարներ` իրենց բնորոշ նշաններով:

     Հելլենիստական դրամների շարքում հետաքրքիր են Ալեքսանդ Մակեդոնացու և սելևկյան արքաների պատկերներով արծաթե դրամական միավորները: Բազմազան ու ճոխ են ներկայացված հռոմեական ծագում ունեցող դրամների նմույշները, որոնք թողարկվել են ինչպես հանրապետության, նույնպես և կայսրության ժամանակներում: Հռոմեական հանրապետության շրջանի դրամները գլխավորապես մ.թ.ա. 2-1-րդ դարերի պատկանող դենարներով, լատինատառ արձանագրություններով: Կայսրության ժամանակների հռոմեական դրամները, դիցական պատկերներից բացի, ներկայացնում են նաև Օգոստոսի Օկտավիանոսի, Ներոնի, Դոմետրիանոսի, Մարկոս Տրայեանոսի, Անտոնիոս Պիոսի, Մարկոս Ավելիոսի, Կոմմոդոսի և այլոց դիմապատկերները` կերտված հռոմեացի քանդակագործ-փորագրիչ վարպետների ձեռքով:

     Դրամների հավաքածույի մեջ կարևոր խումբ են կազմում կայսրության անկման շրջանի, այսպես կոչված »ուշ հռոմեական« կամ »վաղ բյուզանդական« դրամները, որոնք 4-5-րդ դարերին են պատկանում:

     Պարթևական թագավորությունը ներկայացված է Արշակունյաց գահակալներ Միհրդատի, Որոդեսի, Սանատրուկի, Վարդանի, Վաղարշի և այլոց դիմանկարները պատկերող դրամներով: Պարթևական դրամների վրա, արքայական պատկերներից բացի, տեսանելի են գահակալներին բնորոշ տիտղոսների հունարեն արձանագրությունները: Արքայական դիմապատկերներով 2-1 դարերին պատկանող պարթևական դրամները կարևոր նշանակությունները պարզաբանելու տեսակետից: Հավաքածույում կամ նաև Սասանյան հարստության դրամներից առանձին նմույշներ` թողարկված 2-րդ և 3-րդ դարերում, մասնավորապես Շապուհ և Ներսեհ արքաների պատկերներով: Ուշ սասանյան ժամանակներից պահպանվել են Խոսրով Անուշիրվանի և Խոսրով Փարվեզի դիմանկարները պատկերող, ինչպես նաև նրանց անունների պահլավերեն արձանագրությունները կրող դրամներ, որոնք լայն տարածում են ունեցել Հայաստանում ու հարևան երկրներում: 12-րդ դարում թողարկված բյուզանդական ծագում ունեցող ոսկե և առավելպես ներքին առևտրի համար անհրաժեշտ պղնձե դրամները շրջանառության մեջ են մտել Բյուզանդական կայսրության Մակեդոնական (հայկական) հարստության ժամանակներում: Շատ են Կոստանդին Դուկասի և Ռոմանոսի Դ. Դիոգենեսի գահակալության տարիներին հատված դրամները:

     Արաբական դրամներից ներկայացուած են օմեյան և աբբասյան դրամները` թողարկված 9-10-րդ դարերում Իրաքի ու Իրանի վաճառաշահ քաղաքներում (Դիմաշկ-Վասիո, Մեդինատ աս-Սալամ): Հայոց պատմութեան համար նշանակալից են աբբասյան այն դրամները, որոնք դրվագվել են Դվին և պարտավ քաղաքներում: Քաղաքների անուններից զատ, այդ դրամների վրա արաբերեն լեզվով հիշատակված են նաև տեղական ամիրաների անունները:

     Հավաքածույում համեմատաբար քիչ են 12-13-րդ դարերի սելջուկյան ու մոնղոլական դրամները: Սելջուկյան դրամներից հատկապես հիշատակելի են ելդգուզեան (իլդեգիզեան) աթաբեկների դրամները, որոնք տարածված էին Աղվանքում, Վրաստանում (արևելեան) և պատմական Հայաստանում հյուսիս-արևելյան շրջաններում: Ելդգուզեան դրամները բացառապես պղնձից են և 12-րդ դարում ունեին վարկային նշանակություն: Մոնղոլական դրամներից հատուկ ուշադրության են արժանի քրիստոնեական խաչի նշանով թողարկված դրամները, որոնք հատված են 1180-ական թվականներին, Հուլաղույան տիրակալության այն շրջաններում, որոնց բնակչության գերակշռող մասը դավանանքով քրիստոնեա է եղել:

     Հավաքածույի ամենաստվար խումբն են կազմում Կիլիկիայի հայկական պետության դրամները: Ներկայացված են Կիլիկիայի հայոց թագավորության գրեթե բոլոր գահակալների դրամական միավորները` պատկերագրության բնորոշ նմույշներով, որոնց զգալի մասը 8-րդ դարի է: Լևոն Ա թագավորի գահակալության տարիներին (1198-1219) շրջանառության մեջ մտած դրամները գործառական նշանակություն են ունեցել ինչպես Ռուբինյանների, նոյնպես և Հեթումեանների օրոք:

     Մայր Աթոռի դրամների հավաքածույում կարևոր տեղ են գրավում Իրանի Սեֆյան, Ղաջարյան ու Ավշարյան հարստութիւնների, Երևան քաղաքում հատված պարսկերեն արձանագրություններով պղնձե դրամների առանձին օրինակները, ինչպես նաև 17-րդ դարում Թիֆլիսում դրվագված պարսկերեն գրություններով արծաթե ու պղնձե դրամները: Վրացական դրամներում կան նաև վրացատառ հապավումներով արծաթե դրամներ` թողարկված 19-րդ դարում:

     Էջմիածնի Մայր Աթոռի դրամների հավաքածույում կարելի է տեսնել Օսմանյան և Ռուսական կայսրությունների, արևմտաեվրոպական ու ամերիկյան պետութիւնների տարբեր ժամանակների մետաղյա դրամների բնորոշ նմույշներ: Այդ հավաքածուն արտացոլում է Մայր Աթոռի պատմական կապերը արտաքին աշխարհի հետ:


ՆԱԽՈՐԴ ԷՋ

For Unicode Armenian language support please visit www.armunicode.org