Դաջագործությունը հայկական կիրառական արվեստի հնագույն տեսակներից է: Կաղնու կամ տանձենու փայտի վրա փորագրվում էր նախշը, որի վրա դրված ներկի միջոցով կտորը դաջվում էր համապատասխան կաղապարով: Բազմագույն զարդանախշերի համար օգտագործվում էին մի քանի կաղապարներ: Դաջարվեստի համար օգտագործվում էին բրդյա, բամպակյա, մետաքսե, վուշե կտորներ, իսկ ներկերը ստանում էին կենդանական, բուսական և հանքային նյութերից:
Հայկական դաջե կտորներն ու հագուստները քարավանների ճանապարհներով հասնում էին Ռուսաստան և եվրոպական բազմաթիվ երկրներ: Հատկապես բարձր էին գնահատվում հայկական ծիրանի գոյնով դաջված հյուսվածքները:
Հայկական դաջարվեստի նմույշներ պահպանվել են նաև ձեռագրերի կազմերի ներսի մասերում, որոնք ցույց են տալիս դրանք պատրաստող վարպետների ճաշակն ու մեծ վարպետությունը: Հայկական դաջարվեստի կարևորագույն կենտրոն են եղել Վանը, Արծկեն, Շոռոթը, Խիզանը, Նոր Ջուղան, Կ. Պոլիսը և Մադրասը:
Դաջարվեստի ուշագրավ նմույշներից են եկեղեցական վարագույրները:
Ս. Էջմիածնի վանքի կիրառական արվեստի հավաքածոյում պահպանված դաջե վարագույրները ուշ շրջանի են: Դրանք պատրաստվել են 17-րդ դարում Թոքատում, Մադրասում, Թիֆլիսում և այլուր:
Էջմիածնի դաջե վարագույրներն ունեն ընտիր կոմպոզիցիոն կառուցվածք: Նրանցում պատկերված են Ս. Գևորգը` վիշապին նիզակահարելիս, Էջմիածնի փառաբանումը և այլն: Դաջածոյ վարագոյրների մեծ մասը ներկայացնում է բազմաթեմատիկ տեսարաններ` Քրիստոսի փառքը, Հարություն, Ավետում, Խաչելություն, Համբարձում, Ադամը և Եվան, Աբրահամի զոհաբերությունը և այլն: Այս վարագույրների գեղարվեստական ձևավորումները սերտորեն շաղկապված են ինչպես ժամանակի հայկական գեղանկարչության, եվրոպական երկրներում տպագրված փորագրությունների, նույնպես և ազգային կիրառական արվեստի մյուս ճյուղերի հետ: