Ասեղնագործություն


Սերիկ Դավթյան


     Հայ ժողովրդի մշակութային գանձարանում առանձնակի տեղ է գրավում ասեղնագործությունը:

     Ասեղնագործությունը ժողովրդի մեջ ամենատարածված արվեստներից է: Գործել են և՛ կանայք և՛ տղամարդիկ: Գործել են և՛ անհատ մարդիկ, և՛ արհեստանոցներում խմբված արհեստավորներ, ինչպես նաև` կուսանոցներում և վանքերում:

     Թելանյութերի բազմազանությունը, նրանց ճոխ երանգները, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի օգտագործումը, ոսկեթել ու արծաթաթել կարատեսակները հարստացրել են հայկական ասեղնագործության գեղարվեստական կերպարը:

     Հայ ասեղնագործները դարերի ընթացքում ստեղծել են զանազան կարատեսակներ, որոնք գործածվել են զանազան շրջաններում: Հնարավոր է առանձնացնել հայկական ասեղնագործության զանազան դպրոցներ` Վասպուրականի, Մարաշի, Այնթապի, Արարատյան նահանգի, Կարինի, Շիրակ-Կարինի, Սյունիքի, Կիլիկիայի, Կապադովկիայի, ինչպես նաև գաղթօջախների (Թիֆլիս, Կ. Պոլիս, Զմյուռնիա, Բրուսա, Ղրիմ, Հաշտարխան և այլն):

     Եկեղեցական ասեղնագործ իրերը բաժանվում են երեք խմբի.

     ա) Բանվածքներ, որոնք կապված են ձեռագրերի և գրքերի հետ: Ասեղնագործ կտորները փակցվում էին ձեռագրերի կազմերին, պատրաստվում էին պատյան-շապիկներ, ձեռագրերը փաթաթելու փուշիները (թաշկինակներ), սրբիչներ: Գրակալները նոյնպես ունենում էին ծածկոցպատյաններ:
     բ) Մեծ ու փոքր վարագույրներ, փաչվառ-դրոշներ, սփռոցներ, սեղանի կամ սկիհների ծածկոցներ, կաթողիկոսական գավազանների ծածկոցներ, խաչ բռնելու թաշկինակներ, գավազանների քողեր, ամպհովանիներ, բարձերի երեսներ, կրոնական բովանդակությամբ թեմատիկ պատկերների ասեղնագործություններ և այլն:
     գ) Ծիսական հանդերձանքներ. շապիկ, շուրջառ, վակաս, խոյր, թագ, սաղավարտ, արտախուրակ, բազպան, հողաթափ, ուրար, փորուրար, եմփորոն, կոնքեռ, գոտի և այլն:

     Ս. Էջմիածնի վանքի հավաքածոյում ներկայացված են այս երեք խմբերին մաս կազմող զանազան գործվածքներ, որոնք արժեքավոր են ոչ միայն իրենց հնությամբ, այլև գեղարվեստական բարձր որակով:

     Դրանց մեջ մեծ թիվ են ներկայացնում մուգ կարմիր մետաքսյա այն ասեղնագործությունները, որոնց վրա գեղեցիկ հորինվածքներ են կազմում զանազան գույնի մետաքսաթելերը, ոսկեթելը, արծաթը, ինչպես նաև մարգարիտը և զանազան տեսակի քարերը:

     Եկեղեցական հագուստների վրա մանրանկարչական հստակությամբ պատկերվել են զանազան տեսարաններ, տերունական նկարներ: Մեզ տեղ է տրված Աստվածամոր, Քրիստոսի և ավետարանիչների կերպարներին:

     Ս. Էջմիածնի վանքի խոյրերը, ինչպես և բազմաթիվ այլ ասեղնագործ ստեղծագործություններ, ունեն նաև պատմական նշանակություն: Օրինակ` ասեղնագործ աշխատանքի ընտիր նմույշներ են Խաչատուր Կաթողիկոսի և Փիլիպոս Կաթողիկոսի խոյրերը: Խոյրերի ոճով ասեղնագործվել են նաև արտախուրակները: Արտախուրակների վրա պատկերված են Ավետման տեսարաններ, երբեմն` Գրիգոր Լուսավորիչը հայրապետական հանդերձանքով: Հիացմունք են առաջացնում բազպանները որոնք ունեն բարդ ասեղնագործություն: Լավագույն օրինակներից են Ավետման և Մկրտության տեսարաններ պատկերող բազպանները: Ավետման տեսարանը հաճախակի է պատկերված շապիկների ասեղնագործ հատվածներում, որտեղ նրբորեն մշակվում են հատկապես Մայրամ Աստվածածնի և ավետող հրեշտակի դեմքերը, շեշտվում է նրանց դիմագծերի նրբագեղությունը:

     Ասեղնագործողին ասեղնագործական անսպառ հնարավորություններ են տվել շուրջառները: Նրանց լայն ու ազատ տարածք թույլ էր տալիս ասեղնագործել մի քանի տեսարան` Խորհրդավոր Ընթրիքի, Խաչելության և այլն: Ոճական առումով հետաքրքրական է Չինաստանում ասեղնագործված (հնդկահայերի պատվերով) և Ս. Էջմիածնին նվիրաբերված շուրջառը, որն ունի ընտիր ասեղնագործություն և կատարված է չինական արվեստի ավանդներով: Ծիսական գոտիները կարվում էին մետաղյա գոտիների օրինակով, ասեղնագործված բուսական զարդանախշերով ոսկյա և արծաթյա ճարմանդների հետ օգտագործվում էին նաև ասեղնագործ ճարմանդներ: Սրանց մեջ առատորեն օգտագործվել են թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը: Ծիսական հանդերձանքին մաս կազմող հողաթափերի ասեղնագործության մեջ զգալի տեղ է հատկացվել վիշապի պատկերմանը, որպես չարի մարմնավորում:

     Ս. Էջմիածնի վանքում գտնվող ասեղնագործությունների մեջ զգալի տեղ են գրավում եկեղեցիներում օգտագործված իրերը: Դրանց մեջ առաջին հերթին պետք է հիշատակել Գրիգոր Լուսավորիչի խաչվառը (1448թ.): Խաչվառի մեկ երեսին պատկերված է Գրիգոր Լուսավորիչը, որն Աջով օրհնում է, իսկ ձախով բռնել է Ավետարանը: Նրա կողքին պատկերված են Տրդատը և Սուրբ Հռիփսիմեն` աղոթողի դիրքերով: Ասեղնագործողը ձգտել է ոչ միայն դեմքերի արտահայտչականությամբ, այլև զգեստների գունային տարբերություններով (սպիտակ, կարմիր, կանաչ) կենսահաստատություն հաղորդել տեսարանին: Խաչվառի մյուս երեսին պատկերված է գահին բազմած Քրիստոսը, ձեռքին Ավետարանը և Աջը` օրհնության դիրքով: Նրա վերևում արևի և լուսնի կերպայնացված պատկերումներն են: Գրիգոր Լուսավորչի խաչվառը ժամանակի ասեղնագործական արվեստի եզակի օրինակ է: Եկեղեցու բեմի վարագույրներից նշանակալից է հատկապես 1705-1714թթ Կ. Պոլսում ասեղնագործված վարագույրը, որը տեղի հայ ազգաբնակչությունը նվեր է ուղարկել Ս. Էջմիածնին:

     Ասեղնագործ իրերի այս կամ այն դպրոցին պատկանելը որոշվում է ոչ միայն նրանց տարատեսակներով և ոճական առանձնայատկություններով, այլև արձանագրություններով: Այս առումով նշանակալից են մի շարք ասեղնագործություններ, որոնք պատրաստված են Կ. Պոլսի և Հաշտարխանի հայ գաղթօջախներում: Աչքի են ընկնում հատկապես Հաշտարխանի կուսանոցի մայրապետ Հռիփսիմե Մնացականյանի ու նրա քույր Աննայի ասեղնագործությունները` հորինվածքի բարձր վարպետությամբ:

     Ս. Էջմիածնի հարստությունների մեջ հանդիպում ենք Լեհաստանի, ինչպես նաև այլ գաղթօջախների 18-րդ դարի ոսկեթել ու արծաթաթել դիպակների, գոտիների, ընտիր սրբիչների: Մի շարք աշխատանքներ ներկայացնում են Բիթլիսի, Թիֆլիսի, Նոր Ջուղայի, Վանի կուսանոցներում կամ որբանոցներում աշխատող ասեղնագործուհիների ստեղծագործությունները:

     Ս. Էջմիածնի վանքի գանձերի մեջ իրենց ուրույն և ուշագրավ տեղն ունեն ասեղնագործության և արվեստի այս թանկագին նմույշները իրենց ազգային առանձնայատկություններով:


ՆԱԽՈՐԴ ԷՋ

For Unicode Armenian language support please visit www.armunicode.org